BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ի՞նչ է տալու սեպտեմբերը

Ի՞նչ է տալու սեպտեմբերը
19.02.2013 | 12:21

Հաշված օրեր առաջ Պատայայում (Թաիլանդ) կայացած Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) բյուրոյի արտակարգ նիստում պաշտոնանկ է արվել այդ ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին: Ֆեդերացիայի կառավարումն անցել է հատուկ ստեղծված Ճգնաժամային խմբին, որը գլխավորել է Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: Բացի նրանից, բյուրոյի կազմում, ի դեմս օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի, Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ կա: Ճգնաժամային խումբ ստեղծելու այս աննախադեպ քայլը ձեռնարկվել է ընդդեմ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի որոշման: Նպատակն է` մարզական ըմբշամարտն օլիմպիական մարզաձևերի շարքում պահելը:
Անցած շաբաթ մարզական հանրությանը ցնցեց Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անակնկալ որոշումը` երաշխավորել 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրից ըմբշամարտը հանելը:
Մեկ այլ մարզաձևի առնչությամբ գուցե և արձագանքն այսքան ցավագին ու լայնամասշտաբ չլիներ: Հարցին` ինչո՞ւ, պատասխանենք այսպես` մի մոռացեք, որ ավանդույթների հարց կա, իսկ ըմբշամարտը գալիս է անտիկ ժամանակներից, եղել է օլիմպիադակազմ մարզաձև:
Սա, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, հարցի էմոցիոնալ կողմն է, որը ոչ պակաս էմոցիոնալ արտահայտություն գտավ FILA-ի, աշխարհի մի շարք երկրների ըմբշամարտի ֆեդերացիաների կողմից և սկզբունքորեն, որպես սկիզբ, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, ավարտվեց այդ նույն FILA-ի նախագահի` Ռաֆայել Մարտինետիի պաշտոնազրկումով, ով, օպերատիվորեն արձագանքելով փաստին, անմիջապես հայտարարել էր «կազմակերպությունում կարգուկանոն հաստատելու» իր պատրաստակամության մասին, որպեսզի մարզաձևը պահպանի իր տեղը օլիմպիական մարզաձևերի շարքում: Իր հերթին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն արձագանքել էր Մարտինետիին` ասելով, որ ինքը նրա հետ պայմանավորվել է առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել. «Ինձ ոգևորել է ըմբշամարտը մեր պահանջներին հարմարեցնելու նրա խոստումը»:
Այս ամենը հրաշալի է, սակայն ի՞նչն է պատճառը, որ FILA-ի ներսում չեկան համաձայնության, ու բանն ավարտվեց բարենորոգումների պատրաստ Մարտինետիի պաշտոնանկությամբ։ Արդյո՞ք դա առանձին ֆեդերացիաների ու դրանց մեջ առաջին ջութակի դերակատարում ունեցող Ռուսաստանի ֆեդերացիայի հետնաբեմային խաղերի արդյունքն էր, իր տեսակի մեջ յուրօրինակ պալատական հեղաշրջում: Խնդրից մեր տեղեկացվածությունը հարկավ այն աստիճանի չէ, որ հաստատապես պնդենք այս կամ այն հարցում, սակայն տևական ժամանակ ներքին խոհանոցի մակարդակով շրջանառվում էին փաստեր, որ տուրևառը ֆեդերացիայի ներսում լավ էլ կանոնակարգված է, առաջնություններում` լինի Եվրոպա, աշխարհ կամ օլիմպիական խաղեր, գերազանցապես շատ բան, եթե ոչ ամեն ինչ, որոշված է, առանձին երկրների մարզիկների նկատմամբ կա լոյալ վերաբերմունք, ու դա «հենց այնպեսի» արտահայտություն չէ։ Չնայած ծայր անհրաժեշտությանը, համառորեն ոչինչ չի արվում մարզաձևը դիտարժան դարձնելու ուղղությամբ, գործող օրենքները չեն նպաստում դրան, դրանց մշտական փոփոխությունները հանգեցրել են նրան, որ անգամ օլիմպիական չեմպիոնները, մարզաձևի խորագիտակները միշտ չէ, որ հասկանում են, թե ինչի համար են հաշվարկվել կամ չեն հաշվարկվել այս կամ այն միավորները և այլն, և այլն:
Խնդիրների այս շարքը հիմնահարցի տեսանելի ու պակաս տեսանելի կողմերն են, բայց որ մի գեղեցիկ օր դրանք ճաք էին տալու, կասկած չկար: Դրանք ողջ խորությամբ ու ընդգրկունությամբ կբարձրաձայնվեն, թե ոչ (նկատի ունենք կոռուպցիոն բնույթի հարցերը), դժվարանում ենք ասել, սակայն Մարտինետիի արգելքը, ինչպես տեսնում ենք, հաջողությամբ հաղթահարված է, որքան էլ քվեարկության ժամանակ մեկ ձայնն է եղել որոշիչ հօգուտ նրա հրաժարականի, և այնքան էլ դժվար չէ գուշակել, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին FILA-ի արտահերթ կոնգրեսում ֆեդերացիայի նախագահ կդառնա կա՛մ Ռուսաստանը ներկայացնող անձ, կա՛մ էլ նրա հովանավորությունը վայելող մեկը:
Սակայն սա էլ եկեք չհամարենք թիվ մեկ խնդիրը:
Շատ ավելի կարևորն այն է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը վերջնական չէ, և մարզաձևը օլիմպիական խաղերի կազմում թողնելու հնարավորություններն այն չի բացառում: 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի դիսցիպլինների ծրագիրը հաստատվելու է ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այնպես որ, հարցի լուծման համար դեռ ժամանակ կա խիզախելու: Ըմբշամարտն օլիմպիական դիսցիպլին մնալու հարցում որոշակիորեն շահագրգռված ենք և մենք` հայերս, քանի որ մարզաձևը մեզանում բարի համարում ունի, իր կայուն ավանդների շնորհիվ այն հանրապետությունում հենակետային է, և օլիմպիական պոտենցիալ մեդալներից զրկվելը ոչնչով մեզ օգուտ չէ: Հիշեք վերջին օլիմպիադան: Մեր հանրապետության դեմքը փրկողներն ըմբշամարտիկները չէի՞ն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ